Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 3-4.2013


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Պայքար միահամուռ ուժերով

Պայքար միահամուռ ուժերով

Ցանկացած երկրում տուբերկուլոզի համաճարակային գործընթացի վերահսկումն ուղղակիորեն պայմանավորված է պայքարով և կանխարգելմանն ուղղված արդյունավետ միջոցառումները հետևողականորեն կիրառելու, բժշկագիտության և առողջապահության կազմակերպման առաջադեմ տեխնոլոգիաներ ներդրելու հնարավորություններով, հատկապես, որ մարդկության գոյության հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, այս հիվանդությունը եղել և դժբախտաբար շարունակում է մնալ որպես սոցիալական արհավիրքների` պատերազմների, հեղաշրջումների, տնտեսական ճգնաժամերի ուղեկից` իրեն բնորոշ բոլոր հետևանքներով:

 

Տարեկան հարյուր հազարավոր կյանքեր խլող այս հիվանդության դեմ պայքարի ի՞նչ եղանակներ են կիրառվում Հայաստանում, կանխարգելման և բուժման ի՞նչ երաշխիքներ են տալիս մասնագետ բժիշկները, Աբովյան քաղաքում տեղակայված Հանրապետական տուբերկուլոզային դիսպանսերն իր բուժսարքավորումների, դեղորայքի, բժիշկ-թոքաբաննների առկայությամբ ի՞նչ ծավալի աշխատանք է տանում հիվանդների հայտնաբերման, բուժումը ժամանակին կազմակերպելու ուղղությամբ և նմանատիպ հարցերի շուրջը մեր թղթակիցը զրուցեց դիսպանսերի գլխավոր բժիշկ, Երևանի Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի ամբիոնի վարիչ, հանրապետության գլխավոր ֆթիզիատր, բ.գ.դ., պրոֆեսոր Մարինա Սաֆարյանի հետ:

 

Մի քանի խոսքով, խնդրում ենք ներկայացնել ձեր դիսպանսերը. որքանո՞վ է այն բավարարում տուբերկուլոզով հիվանդ ազգաբնակչության պահանջները:

 

-Այսօր մեր բուժհաստատությունը որակել որպես դիսպանսեր, չափազանց նեղացնում է այն հնարավորություններն ու գործունեության ծավալները, որ ի զորու ենք իրականացնելու, քանզի արդեն իսկ, տասը տարուց ի վեր, դարձել ենք տուբերկուլոզի դեմ պայքարի, ավելին, գիտագործնական կենտրոն, որովհետև այսօր ցանկացած ծառայություն ամենից առաջ հզոր է իր գիտությամբ:

 

Հակատուբերկուլոզային հանրապետական դիսպանսերն ունի ստացիոնար և դիսպանսեր թերապևտիկ, ախտորոշիչ, վիրաբուժական, ոչ թոքային տուբերկուլոզի, ուրոլոգիական և մանկական բաժանմունքներ:

 

Տուբերկուլոզի ախտորոշման գործում ամենամեծ նվաճումը միջազգային Կարմիր խաչի օժանդակությամբ կառուցված և մեր դիսպանսերին կից հաջողությամբ գործող կենտրոնական ռեֆերենս մանրէաբանական լաբորատորիան է, որտեղ 2001-ից կատարվում են հիվանդների խորխի մանրադիտակային և ցանքսի եղանակով հետազոտություններ: Լաբորատորիան լիովին համապատասխանում է եվրոպական չափանիշներին, ինչը հաստատում են նաև արտասահմանյան փորձագետները:

 

Հավելեմ` մեր բուժհաստատությունը միակն է, որ համալրված է ոչ միայն թոքային, այլև արտաթոքային տուբերկուլոզի տարաբնույթ (ոսկրահոդային, միզասեռական և այլն) ձևերի ուղղությամբ մասնագիտացված և բարձր որակավորում ունեցող մասնագետներով: Հպարտությամբ կարող եմ փաստել, որ մեզ մոտ հիվանդներն օգտվում են նորագույն ախտորոշման այնպիսի եղանակներից, ինչպիսիք են թվային ֆլյուրոգրաֆիան, համակարգչային տոմոգրաֆիան և մագնիսառեզոնանսային հետազոտությունը:

 

Ի դեպ, եթե չենք սխալվում, 1995-ից ԱՀԿ-ի առաջարկով կիրառության մեջ դրվեց տուբերկուլոզի բուժման DOTS ծրագիրը, որը գործում է աշխարհի ավելի քան 100 երկրում: Որքանո±վ է այն արդյունավետ և ինչո՞վ է տարբերվում տուբերկուլոզի բուժման ավանդական եղանակներից:

 

- Միանգամայն տեղին նշեցիք: Այո, 1995-ին ԱՊՀ երկրների շարքում Հայաստանում առաջինը ներդրվեց DOTS ծրագիրը: Բուժման կարճաժամկետ արդյունավետությամբ (6-8 ամիս) այս ծրագրից առավելն առայժմ ինձ հայտնի չէ: Սա հսկողության տակ առնված տուբերկուլոզի դեղորայքային բուժման բացառիկ ծրագիր է, երբ ընդամենը մի քանի ամիսների ընթացքում 83-85 տոկոս բուժման հրաշալի արդյունք է արձանագրվում, ի տարբերություն ավանդական բուժման տարիներ ձգվող եղանակներից, երբ արդյունավետությունը չափազանց ցածր է:

 

2004 թվականին Հայաստանի կառավարության կողմից հաստատվեց «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը», իսկ 2007-ից` տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրվա նախօրեին ձեր դիսպանսերի մասնաշենքերից մեկում բացվեց լավ կահավորված հատուկ բաժանմունք` դեղորայքակայուն տուբերկուլոզով տառապող հիվանդների բուժման համար: Իր տեխնիկական և բուժհագեցվածությամբ ինչպիսի՞ն է այն այսօր հեռանկարի և առաջընթացի առումներով:

 

- Չափազանցած չեմ լինի, եթե արձանագրեմ, որ տուբերկուլոզի դեղակայուն ձևերի բուժման մեր բաժանմունքն իր արդյունավետությամբ բացառիկ է ամբողջ տարածաշրջանում:

 

60 հիվանդի համար նախատեսված այս բաժանմունքում շատ լավ արդյունքներ ենք ստացել, շնորհիվ հատուկ դեղորայքների, որոնք մեզ է տրամադրում Տուբերկուլոզի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամը:

 

Ճիշտ է, այս դեպքում բուժումը երկար է տևում, սակայն դա միակ փրկությունն է: Բուժման արդյունավետությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ դեղակայուն տուբերկուլոզով տառապող մեր հիվանդներից շատերը ենթարկվում են վիրահատության:

 

Տառացիորեն մեկ-երկու շաբաթ առաջ մեզ մոտ էր Հնդկաստանից ժամանած մասնագետ-բժիշկների մի խումբ, ճանաչված ֆտիզիավիրաբույժներ, ովքեր մեր բժիշկների հետ մի շարք վիրահատություններ իրականացրին:

 

Հատկանշանական է, որ վիրահատվող հիվանդների առավելագույն մեծամասնությունն անհուսալի վիճակում էր: Եվ այս եզակի վիրահատությունները գլուխ բերվեցին նաև այն բանի շնորհիվ, որ մենք ունեինք անհրաժեշտ արդիական բուժսարքավորումներով զինված հատուկ բաժանմունք:

 

Ձեր կարծիքով, ի՞նչն է բացասաբար ներազդում տուբերկուլոզի համաճարակաբանական վիճակի վրա. արդյոք, դրա կողքին տեսակարար կշիռ չունե՞ն XXI դարի չարիք դարձած կենսաբժշկական այնպիսի գործոններ, ինչպիսիսք են ՁԻԱՀ-ը, շաքարային դիաբետը, ստամոքսի խոցային, թոքերի քրոնիկական, ոչ տուբերկուլոզային, հոգեկան հիվանդությունների կտրուկ աճը, ինչպես նաև հորմոնային դեղերի լայն կիրառումը, որոնք նպաստում են հակատուբերկուլոզային իմունիտետի անկմանը և թաքնված վարակի կրկնակի սրացմանը:

 

- Գաղտնիք չէ, որ տուբերկուլոզ հիվանդության համաճարակաբանական վիճակի վրա բացահայտ են ազդում բնակչության զանգվածային տեղաշարժերը, կուտակումները, որոնք վարակի լայնածավալ տարածման են հանգեցնում, հետևաբար, թվարկած հիվանդությունները համարվում են տուբերկուլոզին նպաստող ռիսկի գործոններ: Հատկապես, վերջին երկու տասնամյակներում Ռուսաստանի Դաշնությունում,  Ուկրաինայում, ինչու ոչ, նաև մեզ մոտ լայն թափ է առնում ՁԻԱՀ-ը: Հենց ՁԻԱՀ-ն է, որ քայքայելով իմունային համակարգը, նպաստավոր պայմաններ է ստեղծում այնպիսի հիվանդությունների համար, որոնցից է տուբերկուլոզը: Եվ, պատահական չէ, որ այն ընտանիքները, որոնք վարակված են ՁԻԱՀ-ով, հիվանդանում են նաև տուբերկուլոզով:

 

Տասնամյակներ առաջ, շնորհիվ հիվանդության կանխարգելման և վաղ հայտնաբերման լավ կազմակերպված միջոցառումների, կանխվում էր վարակի տարածումը: Դժբախտաբար, անցյալ դարի 90-ականներից սկսած, սոցիալ-տնտեսական ճգնաժամից բացի, փլուզվեց նաև հակատուբերկուլոզային ծառայությունը, դադարեցվեցին բնակչության կանխարգելիչ ֆլյուրոգրաֆիկ հետազոտությունները, կրճատվեցին կրկնապատվաստումների քանակը:

 

Բարեբախտաբար, պատկերը հակադարձորեն փոխվել է վերջին տարիների ընթացքում: Տուբերկուլոզ հիվանդության մասին հիմա ավելի շատ է գրվում ու խոսվում, իսկ վերջին երկու-երեք տարիների ընթացքում նկատվում է հիվանդության կայունացում: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ ներկայումս մեզ մոտ, ինչպես եվրոպական զարգացած երկրներում, նույնպես կիրառվում է բուժման նոր ռազմավարություն: Լիովին պետական միջոցներով է իրականացվում տուբերկուլոզով հիվանդների թե´ դեղորայքային, թե´ վիրահատական բուժումը, հատկապես, որ միջազգային դոնոր կազմակերպությունները մեզ ապահովում են հակատուբերկուլոզային բոլոր միջոցներով, դեղորայքով: Բոլոր մարզերում պետպատվերի շրջանակներում գործում են հատուկ կաբինետներ, որտեղ ռենտգեն նկարահանման և խորխի հետազոտման միջոցով հայտնաբերում տուբերկուլոզով հիվանդների:

 

Ցավոք, տուբերկուլոզով հիվանդանում են նաև երեխաները: Այս առումով հիվանդության կանխարգելման և բուժման ի՞նչ ցուցանիշներ են գրանցված մեր հանրապետությունում:

 

- Երեխաների տուբերկուլոզով հիվանդացությունը, 100 000 բնակչի հաշվարկով, բարձր չէ, ընդամենը 3 տոկոս, ինչը համեմատած ԱՊՀ երկրների ներկայացրած ցուցանիշների հետ, անհամեմատ ցածր է և գրեթե հավասարվում է եվրոպական երկրների մակարդակին: Մեր երեխաները մշտապես հսկողության տակ են: Մինչ կանխարգելիչ հետազոտությունները, կատարվում է վակցինացիա: Կոնտակտավոր բոլոր ընտանիքներում կատարվում են հետազոտություններ, հսկվում են ամբողջ ընտանիքի անդամները: Ավելին, մի ամբողջ տարի այդ երեխաները գտնվում են մեր հսկողության ներքո:

 

Այնուամենայնիվ, կարելի է ենթադրել, թե մեր հանրապետությունում տուբերկուլոզի համաճարակային վիճակը մնում է լարվա՞ծ...

 

- Լարված` խիստ է ասված: Այո, մի քանի տարի առաջ լարված էր, բայց այսօր լարված լինելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Նախ` մշտապես հսկվում է իրավիճակն ավելի լավ, քան հարևան շրջապատող երկրներում: Փոքր-ինչ լարված է, սակայն ոչ անկառավարելի: Դժբախտաբար, բժշկի դիմելուց, հետազոտվելուց, ախտորոշվելուց առաջ, մենք առաջնորդվում ենք բարեկամ-հարևանների «խորհուրդներով». մի քանի շաբաթ շարունակում ենք անընդմեջ հազալ, ջերմել, քրտնել, համբուրվել ու ձեռք սեղմել տասնյակ մարդկանց, այդ վիճակում օգտվել հասարակական տրանսպորտից` պոտենցիալ վտանգ ներկայացնելով թե´ հարազատների, թե´ շրջապատի մարդկանց համար և դիմում ենք բժշկի միայն այն ժամանակ, երբ բանը-բանից արդեն անցել է: Նույն կերպ են վարվում միգրացիայից տուն դարձած, ժամանակավոր հանրապետությունը լքածներից շատերը, ովքեր դրսում վճարովի բուժման հնարավորությունից զուրկ լինելով, հայրենիք են վերադառնում միայն հիվանդության բարձիթողի վիճակում: Այստեղից էլ կրկնապատկվում է մեր հիվանդների թիվը:

 

Ես չեմ ուզում սարսափեցնել որևէ մեկին, սակայն չպետք է մոռանանք, որ տուբերկուլոզով վարակվելու վտանգը կախված է բոլորի գլխին, ովքեր շնչում են: Շնչում են բոլորը, շփվում, տեղից-տեղ տեղափոխվում: Խնդիրն այլ է. մեր խելամիտ մոտեցմամբ, մեր պահվածքով կարող ենք խուսափել վարակից: Իսկ արդեն վարակված մարդը պետք է գիտակցի, որ տուբերկուլոզը միանգամայն բուժելի հիվանդություն է, ընդ որում, բուժումն իրականացվում է բացառապես պետպատվերի շրջանակներում: Մենք վճարովի որևէ ծառայություն չունենք: Որքան ժամանակին հայտնաբերվի հիվանդությունը, այնքան արագ կապահովվի ապաքինումը: Եթե այսօր լիարժեք բուժման արդյունավետությունը մեզ մոտ կազմում է 83-85 տոկոս, կնշանակի սայլը տեղից շարժվել է և առաջիկայում ևս մենք տուբերկուլոզով հիվանդացության նվազում կունենաք:

 

Միայն այն, որ այսօր մեր բանակում և արգելավայրերում տուբերկուլոզի նոր դեպքեր այլևս չեն հայտնաբերվում, սա մեր ամենօրյա տքնաջան աշխատանքի վառ ապացույցն է:

 

Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրը բոլորիս պարտավորեցնում է ճշգրտորեն կատարել մեր գործը` գիտակցելով մեր տեղի ու դերի կարևորությունը, իսկ ազգաբնակչությանը հորդորում ենք զգոնություն ցանկացած հիվանդության նկատմամբ լրջմիտ վերաբերմունք, ժամանակի ճիշտ գնահատում, քանզի միայն համատեղ ջանքերի շնորհիվ կարելի է հասնել շոշափելի հաջողության:

 

Հեղինակ. Սանդրո Ջուլհակյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 3-4.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ